4230 դիտում, 2020.11.20 13:31

Այսօր Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը

Այսօր Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը

Նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիայի համաձայնագրի 2-րդ կետի համաձայն այսօրվանից Ադրբեջանին վերջնականապես հանձնվեցին Աղդամի ամբողջ շրջանը, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը, Ասկերանի 8 գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները, Մոշխմհատը, Արմենակավան և Ուխտասար գյուղերը:

Այսօր Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը: 

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն: Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար։

2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունն է: Շուրջ 15 տարվա հնագիտական հետազոտության արդյունքները վկայում են հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը: