4520 դիտում, 2020.11.19 22:00

Լսել եմ դաշնակցական շատ ջոկատների սխրանքների մասին եւ դրա մասին չէի կարող չբարձրաձայնել. Թագուհի Թովմասյան

Լսել եմ դաշնակցական շատ ջոկատների սխրանքների մասին եւ դրա մասին չէի կարող չբարձրաձայնել. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետի հայտնի սկանդալային գրառումից հետո, որտեղ նա ակնհայտ քաղաքացիական պատերազմ է հրահրում, հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին։ Երեկ էլ ԱԺ ամբիոնից ընդգծեց՝ իր այդ քայլով ինքը որեւէ քաղաքական օրակարգ չի սպասարկում։ Թե որն է եղել նրա՝ խմբակցությունից դուրս գալու հիմնական պատճառը, Hraparak.am-ի հետ զրույցում Թովմասյանն այսպես մեկնաբանեց․

«Երբ որ ես Արցախը հանձնելու գիշերային փաստաթղթին ծանոթացա, այն ինձ համար մահու չափ վիրավորական էր, եւ ես այդ պահին գիշերով գրել էի երկու դիմում, մեկը՝ մանդատից հրաժարվելու, մյուսը՝ խմբակցությունից դուրս գալու։ Այդ պահին չուղարկեցի, մտածեցի, որ գուցե ինչ-որ այլ քայլ կա անելու։ Հավաքեցի ինձ, եթե էմոցիաների տակ անեի, արդեն մանդատից զրկված կլինեի եւ էլ հետքայլ չէի անի։ Բայց էմոցիաների տակ չարեցի ու հետո հասկացա, որ գուցե ճիշտը դա էր, գուցե պետք էր ինչ-որ իրավիճակ շտկել կամ փորձել ինչ-որ բան վերադարձնել, եւ սկսեցի իմ հանդիպումների շարքը։

Հանդիպել եմ բոլորին՝ ընդդիմություն, իշխանություն, ռազմաքաղաքական ղեկավարություն, ՀՀ նախագահին, վարչապետին, հոգեւոր առաջնորդին, ՌԴ դեսպանին, քաղաքական տարբեր գործիչների, որպեսզի հասկանամ՝ ինչ կարող ենք անել մենք։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, անդառնալի է, ցավոք սրտի, որեւէ բան չենք կարողանալու ուղղել, շտկել կամ խմբագրել։ Սա ինձ համար ամենացավալի իրողությունն է։ Բայց, այնուամենայնիվ, ունենք այս վիճակը եւ հիմա պետք է մենք կարողանանք մեր ներքաղաքական իրավիճակի կայունացմամբ եւ հետագա վիճակի առողջացմամբ գոնե եղած մեր հայրենիքը չկորցնենք»։

- Երբ հանդիպել եք վարչապետին, նրա պատասխաններն ինչպիսի՞ն էին, որքանո՞վ են դրանք Ձեզ գոհացրել։

- Ես լսել եմ վարչապետից պատասխան, որ սա եղել է վերջին հուսահատ քայլը, որովհետեւ այլընտրանքը լինելու էր ավելի կործանարար եւ 25-30 հազար մարդու կյանք էր արժենալու։ Դրա համար ընտրություն է կատարվել այդքան մարդկանց փրկելու եւ հայրենիքի մի մասը պահպանելո՞ւ, թե՞ ամբողջական կապիտուլյացիայի։

- Այսինքն՝ խմբակցությունից դուրս գալն ի՞նչ է նշանակում՝ որ Դուք դեմ եք եղել ձեր թիմի վարած քաղաքականությանն ու ժողովրդից թաքուն Արցախը հանձնելու փաստաթուղթ ստորագրելո՞ւն, թե՞ այլ պատճառ կա։ Ի՞նչն է Ձեզ խանգարում հիմա նույն թիմի հետ ճանապարհը շարունակելու։

- Ես չեմ ուզում պատասխանատվություն կրել մի բանի համար, որից տեղյակ չեմ։ Ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն երեւույթների համար եւ այն իրավիճակներում, որից ես տեղյակ եմ ու կարող եմ պատասխան տալ։ Իսկ ես պատասխան չունեմ։

- Դուք այստեղ դավաճանություն տեսնո՞ւմ եք, ընդդիմադիրները Փաշինյանին մեղադրում են դավաճանություն գործելու մեջ, ասում են՝ ինքը եւ իր թիմը դավաճան են։

- Ես, անկեղծ ասած, այդպես ծայրահեղական չեմ, որովհետեւ ես դավաճանական որեւէ փաստ չեմ տեսնում, որեւէ փաստ ինձ հայտնի չէ, եւ իմ՝ նախկին լրագրողի կարգավիճակն ինձ թույլ չի տալիս առանց որեւէ փաստի դատողություն անել։ Ես կարող եմ ընդամենը մի արձանագրում անել, որ այդ փաստաթուղթը, որը ստորագրվել է մեր երկրի ղեկավարի կողմից, պարունակում է ընդամենը երկու հայանպաստ բառ՝ կրակի դադարեցում։ Մնացած ամբողջ ձեւակերպումը հայանպաստ չէ։

- Հետեւաբար, այդ ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրած ղեկավարն առնվազն բարոյական գնահատականի պե՞տք է արժանանա, արդյոք նա հայրենասիրակա՞ն քայլ է արել։

- Իմ գնահատականը ես արդեն տվել եմ իմ քայլով։

- Հնարավո՞ր է դուրս գաք փողոց եւ Դուք էլ պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ժողովրդի եւ ընդդիմադիր ուժերի հետ միասին։

- Ես, գիտե՞ք ոնց, չեմ պատկերացնում, որ միայն փողոց դուրս գալով է պետք Փաշինյանի հրաժարականը պահանջել։

- Իսկ պահանջո՞ւմ եք, առհասարակ։

- Փաշինյանի հրաժարականը պահանջում է ընդհուպ հանրապետության նախագահը։ Եվ էստեղ ոչ թե պետք է դիտարկել, որ Փաշինյանի հրաժարականը մեզ համար փրկության օղակ է, այլ պետք է դիտարկել, որ իշխող ուժի վերափոխումը եւ իշխող ուժի կտրուկ փոփոխությունը՝ վերից վար, չափազանց անհրաժեշտ գործիք է, որ պետք է այս պահին կիրառվի՝ լարվածությունը թուլացնելու համար։

- Այդ դեպքում որո՞նք են լինելու Ձեր քայլերն այդ ուղղությամբ։

- Բա էդ իմ հանդիպումներն ինչի՞ մասին էին, ես ամեն ինչ քննարկել եմ, դրա համար ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել։

- Դուք քննարկել եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ անցնցում իշխանափոխության հա՞րցը։

- Ես քննարկել եմ՝ բոլոր քայլերն օգտագործելով եւ ամեն ինչի գնով երկրում կայունության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը։ Եվ դրա համար պետք է զոհասեղանին դրվի ամեն ինչ։

- Նիկոլ Փաշինյանի գրառումները, հայտարարությունները կայունության մթնոլորտի՞ն են միտված, թե՞ հակառակը, երբ նա կոչ է անում սահմանից եկող զինվորներին՝ գալ Երեւան եւ «վնգստացողների» հարցերը լուծել։

- Ես կարծում եմ, եթե Դուք ուշադիր հետեւեք եւ տեսնեք, թե ես խմբակցությունից դուրս գալու իմ հայտարարությունը որ օրն եմ արել, Ձեր բոլոր հարցերի պատասխանը դրա մեջ կգտնեք։

- Ձեզ դո՞ւր են գալիս «Իմ քայլի» Ձեր գործընկերների ելույթները, երբ նրանք ափսոսանք են հայտնում, որ ինչ-որ մարդիկ մտել են ԱԺ եւ դռների բռնակներն են կոտրել։ Արդյոք կարո՞ղ է դռան բռնակ կոտրելն ավելի ծանր կորուստ լինել, քան Արցախը հանձնելը։

- Ես, օրինակ, կուզեի, որ ամբողջ խորհրդարանի դռների բռնակները կոտրվեին, բայց մենք Շուշին չհանձնեինք։ Թող ամբողջ խորհրդարանի պատուհանները կոտրվեին, բայց մենք չհանձնեինք Հադրութը։ Եվ էսպես կարող եմ շարունակել, որ ամեն ինչ թող էստեղ ավերվեր՝ պատուհանի եւ դռան մակարդակով, բայց մենք հայրենիք չկորցնեինք։

- Ի դեպ, ասում են՝ Շուշին չի ընկել, Շուշին հանձնել են, որովհետեւ Շուշիում, մինչեւ եռակողմ հայտարարությունը, պայքարում էին եւ ռեսուրս ունեին չհանձնելու։ Դուք հանդիպել եք տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ ազատամարտիկների, նրանք ի՞նչ էին ասում, մենք ռեսուրս ունեի՞նք Շուշին պահելու։

- Ես շատ մանրամասների եմ տիրապետում, որոնց մեջ կան որոշակի ռազմական գաղտնիքի տարրեր, միայն կարող եմ ասել, որ իսկապես մենք պիտի ընդունենք, որ մենք ձախողել ենք։

- Սասուն Միքայելյանի առողջական վիճակն ինչպիսի՞ն է, եւ խոսե՞լ եք նրա հետ, ինքն ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին։

- Գիտեմ, որ հիվանդանոցում է եւ շարունակում է իր բուժումը, մանրամասնը՝ պիտի հարցնեք բժիշկներին։ Մնացած հարցերով ես խոսել եմ իր հետ, բայց երեւի չբարձրաձայնեմ։ Ինքն իր քայլերով ցույց կտա իր անելիքը։

- Դուք ասացիք, որ որեւէ քաղաքական օրակարգ չեք սպասարկում, ըստ Ձեզ՝ դրսում հավաքված ուժերն այսօր աթոռակռի՞վ են տալիս, թե՞ իսկապես հայրենիքի փրկության հարցն է։

- Ես որեւէ մեկի հայրենասիրության վրա կասկածելու իրավունք չունեմ, որովհետեւ մեր պատերազմի առաջին իսկ օրերից ես ականատես եղա մեծ մարդկային հոսքերի դեպի ռազմաճակատ, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Եվ առավել եւս ես, օրինակ, շատ լսել եմ դաշնակցական շատ ջոկատների սխրանքների մասին եւ դրա մասին չէի կարող չբարձրաձայնել։