կարևոր
1676 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-19 18:31

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ատելություն սերմանելու քայլերից և բռնության դրսևորումներից

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ատելություն սերմանելու քայլերից և բռնության դրսևորումներից

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում սթափ լինել, զերծ մնալ ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։

Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների։ Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:

Մեր քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։ Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։

Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ։

Մեր նպատակը հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:

Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունը համագործակցության է կոչում օրինապահ քաղաքացիներին՝ համատեղ պահպանելու մեր երկրի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: