կարևոր
1305 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-19 12:58

ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը վստահ է՝ այս փուլում ձգտելու են անել անհնարինը

ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը վստահ է՝ այս փուլում ձգտելու են անել անհնարինը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ դիվանագիտական բանակը շարունակելու է առավելագույնս օգտագործել ողջ ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական մարտահրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ, արդյունավետ լուծումներ գտնելու համար: ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարն այս մասին ասել է արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին:

ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ  ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորհակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը:

Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը: