Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար: Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»: