«Շուշին հանձնելու հարցը երբեք չի դրվել, այն առաջացել է այս կոնֆլիկտի ընթացքում», - այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին:
Դեռ հոկտեմբերին Պուտինը համոզել էր Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում այն պայմանով, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, բայց Փաշինյանը չի համաձայնել: Ինչո՞ւ՝ Ռուսաստանի նախագահը չգիտի:
Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ նա նշել է, որ «Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ ձևավորվեն, հնարավոր կլինի լուծել նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորություն է տալիս ապագայում կարգավորել իրավիճակը»:
«Ամենակարեւորը, որ հաջողվեց անել, արյունահեղությունը դադարեցնել էր: Ավելի քան չորս հազար մարդ է զոհվել՝ միայն պաշտոնական տվյալներով, իրականում, կարծում եմ, ավելի շատ։ Տասնյակ հազարներ վիրավորվել են, խեղվել: Լսեք, սա կինո չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում, կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ ընտանիքների հետ: Հետեւաբար, արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,- ասել է Պուտինը: