Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կոչ է անում խորհրդարանի գումարած հերթական քառօրյա նիստում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը: Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր կարող ենք այս դահլիճում քննարկել միայն ռազմական դրության չեղարկման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցերը քննարկել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում նշեց, որ իրենք նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, որի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը: Արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք էր նախաձեռնել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի ընթացքում հավաքվել էին անհրաժեշտ թվով ձայներ: