Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ներկայումս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածապաշտությունը եւ կանոնավոր իրականացնելու են արարողությունները», - նշել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ Դադիվանքից խաչքարերը դուրս էին բերվում: Այս մասին հայտնել էր Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
«Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետեւ հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն»,- նշել էր քահանան, նաեւ շեշտել էր ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում:
Վանական համալիրի հոգեւոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: