կարևոր
2221 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-14 21:31

Մենք չենք կարող թողնել, որ մեր երկիրը դառնա պարտված տղամարդկանց երկիր. Ալվարդ Պետրոսյանի կոչը

1990թ. առաջին անգամ Երևանում ես մոմավառություն կազմակերպեցի: Հավաքվել էր Երևանի ամբողջ մտավորականությունը՝ մասնակցելու և նաև դրամահավաքի, որովհետև Արցախի շրջափակումը սկսվել էր: Այս մասին ժողովրդին ուղղված իր կոչում նշել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ նշելով, որ այսօրվա մոմավառությանը ֆիզիկական վիճակից ելնելով մասնակցելու է տանից։

Պետրոսյանը նշել է՝ մեր հրեշտակներին պիտի ճանապարհենք․ «Իմ թանկագին ժողովուրդ, այսօր մեր հրեշտակների համար ենք մենք մոմ վառում: Առաջին մոմավառության ժամանակ դեռ այդ հրեշտակները քայլում էին, մեզ հետ էին»։

«Գնացին, մեր հրեշտակներն են, իրենք մեր լույսի սիմվոլներն են: Իրենք վերևից էլ են մեզ պահպանելու»,- նշել է հրապարակախոսը և հիշել տարիներ առաջ իր հեղինակած հոդվածներից մեկը, որում ասել է՝ «փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի հոգնել են պարտված տղամարդկանց երկրում ապրելուց, որ մենք առնական տղամարդկանց երկրում ենք ապրում»։

Պետրոսյանը նշել է՝ հիմա էլ է նույն կարծիքին․ «Իմ տղամարդիկ, իմ ժողովրդի զավակներն Առյուծասիրտ Մհերներ են: Եկեք մենք մտածենք, որ չենք կարող այլևս թույլ տալ, որ առյուծների այս զարմին ոչխարներ ղեկավարեն, չենք կարող թույլ տալ, որ փողոցից պատահական բախտախնդիրներ գան մեր գլխին: Շատ թանկ է մեր արյունը»,- ասել է նա՝ հավելելով՝ այս սերունդը չպիտի կոտրվի:

«Մենք իրավունք չունենք կոտրվելու, մենք պարտավոր ենք հասկանալու, որ սա մի սարսափելի տխուր էպիզոդ է ընդամենը, ծանր էպիզոդ, բայց մենք պիտի ոտքի կանգնենք: Մենք չենք կարող թողնել, որ մեր երկիրը դառնա պարտված տղամարդկանց երկիր»,- ասել է Պետրոսյանը։