Ամերիկահայ փաստաբան Իռեն Շոլ-Թադևոսյանը Արցախից տեղափոխվող բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս իրենց հետ վերցնել գույքի և ունեցվածքի սեփականության վկայականները, պահպանել տվյալ բնակավայրում ապրելու և տան մասին բոլոր ապացույցները:
«1. Պահպանել անշարժ գույքի սեփականությունը հիմնավորող ցանկացած փաստաթուղթ՝ սեփականության վկայական, կոմունալ վճարումների, գույքահարկի չեկեր,
2. Պահպանել ցանկացած իր (գրություն, լուսանկար, թերթի հոդված և այլն), որտեղ հիմնավորվում է գույքի սեփականությունը կամ օգտագործումը,
3. Եկեղեցիներում, թանգարաններում, այլ վայրերում առկա անշարժ պատմամշակութային արժեքները փաստագրել (լուսանկարներով, վիդեոյով և այլն), իսկ շարժականները՝ տեղափոխել ապահով վայր։ Այս ամենը կարող են հետագայում որպես ապացույց օգտագործվել մասնավոր ու մշակութային իրավունքների վերականգնմանն ուղղված հայցերի համար»,- իր տեսաուղերձում նշում է փաստաբանը:
Միաժամանակ Արցախի և Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին փաստաբանը հորդորում է պահպանել ու տեղափոխել բոլոր արխիվներն ու փաստաթղթերը զինվորականների վերահսկողության տակ գտնվող տարածքներից, որպեսզի հետագայում ապացույցներ և հիմնավորումներ ունենան մարդկանց ունեցվածքի և սեփականության վերաբերյալ դատավարական գործընթացներում:
Փաստաբանը մեկ այլ տեսաուղերձում նշում է. «Այն մարդկանց գույքը, որոնք հրետակոծության կամ ռմբակոծության հետևանքով հրատապորեն լքել են իրենց տները և չեն հասցրել ոչ մի ապացույց վերցնել, կամ նրանց գույքը գտնվում է արդեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, կարող են իրենց տան պատկերը ստանալ արբանյակից` օգտագործելով google map-ի street view գործիքը: Նաև կարող են իրենց հեռախոսների, տարբեր առցանց հարթակներում հրապարակված լուսանկարները պահպանել, ընդ որում` տարբեր կրիչներում կամ տեղերում: Պահպանեն նաև մամուլի գրառումները, որտեղ իրենց կամ իրենց տարածքի վերաբերյալ հոդված է եղել: Այդ վկայությունները պետք է շատ երկար պահել, նույնիսկ փոխանցել սերունդներին, որպեսզի եթե իրենք չկարողանան հաջողության հասնել, գուցե հաջորդ սերունդներին դա հաջողվի»: Մանրամասները կարող եք դիտել փաստաբանի տեսանյութում: