կարևոր
1464 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-13 23:07

Պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը. Նիկոլ Փաշինյան

Պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում էլ  խնդիրներ եղել են: Վարչապետն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցի ընթացքում: «Եվ այդ խնդիրները եղել են ոչ միայն զուտ կազմակերպչական բնույթի, այլև եղել են նաև ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ: Ես իմ ուղերձներից մեկում ասացի, որ պարզվեց՝ մեր զինված ուժերի կիրառման պլանի առումով բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսով այն համակարգը, որ ունենք, այդքան էլ արդյունավետ չի գործում: Եվ մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք: Պետք է լրջորեն մտածենք մեր բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի փոփոխությունների մասին»,- մանրամասնեց վարչապետը:

Նա նշեց, որ պատերազմի ընթացքում, օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը լիովին իրեն արդարացրել է: Նրա խոսքով՝ դա այն կարևոր նրբություններից էր, որն իրականության մեջ ցույց տվեց, որ այդ բարեփոխումն իրեն լիովին արդարացրել է: «Բայց եղան նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի համատեքստում, որոնք ցույց տվեցին, որ զորահավաքային այն պլանները, որոնք գոյություն ունեն, այդքան էլ չեն համապատասխանում մեր իրողություններին»,- նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ այդ զորահավաքային պլանները, որոնք գոյություն ունեն, այսպես ասած, ավանդույթային են: Դրանք այնպես չէ, որ տարին մեկ, 2 տարին մեկ փոխվում են: «Իրենք ինստիտուցիոնալ կառույց են, որոնք շատ վաղուցվանից ստեղծվել են, ձևավորվել են, բայց քանի որ այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում դրա բացերն ուղղակի չեն երևացել, և մենք առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ դա աշխատող համակարգ է: Բայց դա հին համակարգ է, որը նոր պայմաններում ուղղակի չի աշխատում»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այս պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: «Եվ, իմիջիայլոց, 2018 թվականից դա բանակում տեղի ունեցող հաջորդ կարևոր բարեփոխումն էր, որը պլանավորվել և մեկնարկել էր ընդամենը 2019 թվականի կեսերից, երբ հատուկ նշանակության ջոկատներն ավելի ու ավելի մեծ տեղ պիտի զբաղեցնեին մեր բանակում՝ որպես հարվածային ուժ: Բայց, ըստ էության, պատերազմի մեկնարկի պահին, ի տարբերություն սննդի համակարգի բարեփոխումների, այս բարեփոխումները չէին հասել իրենց տրամաբանական ավարտին: Եվ այդ առումով այս տարածքում է, որ բավական կազմակերպչական թերություններ եղան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: