կարևոր
1821 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-13 12:38

Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների

Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»: Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է,-ասել է Հայաստանի նախագահը: -Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:

Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:

Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է: «Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր»,-ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մեր կրթական համակարգից մինչև արդյունաբերություն ամեն ինչ պետք է ուղղված լինի ապագային: Մենք չենք կարող հետ մնալ: Ամեն անգամ հետ մնալուց հետո և՛ տնտեսության մեջ, և՛ ռազմական ոլորտում, և՛ բոլոր ոլորտներում հայտնաբերելու ենք, որ մի սերունդ հետ ենք, հետևաբար, չենք կարողանալու հաղթել: Հաղթանակը միայն ռազմի դաշտում չէ:

Ժամանակը եկել է, որ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին են մեր բանակը, մեր տնտեսությունը, մեր գիտությունը, գնահատականներ տալուց հետո ունենանք հստակ տեսլական, ապա՝ դրանից բխող ծրագիր: Տեսլականը հստակ պետք է լինի, թե որտեղ ենք լինելու, օրինակ, 20 տարի հետո: Այս փոքր երկիրն ուրիշ ճանապարհ չունի:

Ցանկացած փոփոխություն և զարգացում կարող ենք անել երկրում, եթե պահենք մեզ քաղաքակիրթ, կարգապահ ու իրատես՝ առանց խաբելու: