08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի մեղադրանքը որևէ օրինական հիմք չունի, դատարանի բակում, որտեղ քննվում է ձերբակալության իրավաչափության հարցը, լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Գարիկ Սահակյանը։
Նա նշեց, որ այսօր՝ ժամը 24։00-ին, կհրապարակվի որոշումը։
Դատականի նիստին պաշտպանական և մեղադրական կողմերը ներկայացրել են իրենց փաստարկները։ Փաստաբանն ասաց՝ չկա որևէ ապացույց, որ հանցանքը, որի համար մեղադրվում է Գեղամ Մանուկյանը, կատարվել է ձերբակալման պահին։
«Եթե ասում եք՝ բռնել ենք հանցանքի պահին, ասեք՝ ո՞վ է բռնել և ե՞րբ է բռնել․ չունեն պատասխան։ Սա շատ պարզ է, որ հիմք չկա կալանքի համար։ Հուսանք իրավաբանությունն ու օրենքը կգերիշխեն, ոչ թե այլ նկատառումներ»,-ասաց պաշտպանը։
Նա կանխատեսեց, որ դատարանի որոշումը կլինի հօգուտ Գեղամ Մանուկյանի՝ հաշվի առնելով իրենց ելույթները։
Նշենք, որ վերջին երկու օրերին հանրահավաքների վայրերից և իրենց գրասենյակներից բերման են ենթարկվել մոտ 100 ակտիվիստ, ավելի քան 10-ը այս պահին ձերբակալված են։ Ընդդիմադիրները կարծում են, որ իշխանությունները նման կերպ համալրում են քաղբանտարկյալների թիվը․ այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել ռազմական դրության պայմաններում: