կարևոր
1518 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-12 17:50

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պլաններ չկան. Սերգեյ Լավրով

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պլաններ չկան. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ընդլայնելու պլաններ չկան: ՌԴ արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել: Համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն այն խմբի անդամների դիրքորոշումներին, որը համանախագահներին օժտել է համապատասխան լիազորություններով: Մինսկի խմբի համանախագահության եռյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ընդլայնելու որևէ պլան չկա»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ են մյուս համանախագահ երկրների հետ՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 11-ին զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ: «Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ համանախագահության աշխատանքը:  Մենք հաջորդ շաբաթ համանախագահներին սպասում ենք Մոսկվայում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ համանախագահներին մանրամասն կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը: «Հավանաբար, կխորհրդակցենք, թե ինչպես ենք նպաստելու խաղաղ կյանքի ապահովմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բոլոր էթնոկոնֆեսիոնալ համայնքների իրավունքները»,- ասել է Լավրովը: