կարևոր
5002 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-11-12 17:09

Դադիվանքի Տեր Հովհաննեսն այսօր էլ հաստատում է՝ դուրս չեմ գա, վե՛րջ, եթե կտանեն ինձ, ուրիշ բան, ես դուրս չեմ գա

Դադիվանքի Տեր Հովհաննեսն այսօր էլ հաստատում է՝ դուրս չեմ գա, վե՛րջ, եթե կտանեն ինձ, ուրիշ բան, ես դուրս չեմ գա

Ես հրահանգ եմ ստացել՝ չհանել Դադիվանքի խաչքարերն ու հարստությունը, վե՛րջ, մնացածը իրենց գործն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Քարվաճառի Դադիվանք համալիրի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն՝ Քարվաճառն Արցախի առաջին շրջանն է, որը պետք է հանձնվի Ադրբեջանին ընդամենը 3 օրից՝ նոյեմբերի 15-ին։

«Այո, ես դուրս չեմ գա, ես դուրս չեմ գա, եթե կտանեն ինձ, ուրիշ բան, ես դուրս չեմ գա, վե՛րջ»,-ասել է Դադիվանքի վանահայրը։

Տեր Հովհաննեսն նշել է՝ ինքը մենակ չէ, ամբողջ ժողովուրդը կպաշտպանի իրեն, ամբողջ հավատավոր ժողովուրդը կպաշպանի՝ կին, երեխա կպաշտպանի։

«Իհարկե, հիմա Դադիվանքում հազար մարդ կա, մոմ են վառում, աղոթում են, ես մենակ չեմ»,-ասել է Տեր Հովհաննեսը։

Այս եկեղեցին ադամանդ է հայ ժողովրդի համար, մենք չպիտի կորցնենք այդ ադամանդը՝ ասաց Դադիվանքի հոգևոր հովիվը։

Ադրբեջանի մշակույթի փոխնախար Անար Կամիրովն արդեն թվիթերյան էջում հրապարակել է Դադիվանքի լուսանկարները և, անվանափոխելով հայկական վանական համալիրը, նշել, թե Խուդավանքը հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից է։ Այնինչ, եթե անգամ Խութավանք անունով հիշենք, դա ևս հայկական ծագում ունի՝ կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Դադիվանք տարբերակով էլ եկեղեցին հայտնի է, քանի որ ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։

«Շատ բան են ասում ադրբեջանցիները, աշխարհին խաբելով չի։ Թող գան իրենց կողմից պատմաբաններ և մեր կողմից պատմաբաններ, քննարկենք, ապացուցեն։ Եթե ապացուցեն, որ այստեղ մի քար կա, որ մուսուլման ադրբեջանցի և չգիտես ինչ շիա և այլն դրել են, մենք համաձայն ենք բոլորս դուրս գանք, թողնենք իրենց, իսկ եթե չեն կարողանում, թող բերանները փակեն»,-ասել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Դադիվանքի վանահայրը մի ձեռքին զենք, մի ձեռքին խաչ միշտ է եղել։ Անգամ 1990-ականների ազատամարտին է մասնակցել հոգևոր հովիվը՝ զենքը ձեռքին։

«Աշխարհը կույր է՞, չի տեսնո՞ւմ այս բաները։ Կո՛ւյր է։ 4-17-րդ դարում կառուցել են, այն ժամանակ Ադրբեջան գոյություն ունեցե՞լ է, թե՞ չէ»,-նշել է նա։

Նա ասաց, որ ինքը իր հողի տերն է, մենք մեր հողի տերն ենք և խնդրեց, որ բոլորս ճիշտ մտածենք այս ուղղությամբ։

Դադիվանքի վանահայրը այս կապիտուլյացիայի համար, ասաց, ոչ մեկին էլ չի մեղադրում՝ եթե մեղք ենք գործել, բոլորս ենք մեղք գործել, եթե ինչ-որ տեղ սխալվել ենք, բոլորս ենք սխալվել։

Սակայն մի հարցում նա վստահ է՝ սա ոչ թե հայ զինվորն է հոգով, զենքով պարտվել, այլ սա դիվանագիտական պարտություն է։

«Եկեք, տեսեք, ինչքան ժողովուրդ կա այստեղ, իմ հոգևոր հոտը այստեղ է, իմ ժողովուրդը այստեղ է։ Եվ աղոթում և հուսով սպասում է նոր հրահանգի, որ մի հատ ուրախություն պարգևի մեր ժողովրդին»,-հայտնել է Տեր Հովհաննեսը։

Նա վստահ է, որ ադրբեջանցիների հետ նույն տարածքում ապրելը անհնար է։ Տեր Հովհաննեսը դեմ չէ, որ կողք-կողքի ապրեն, եթե հայերն իրենց հողի վրա ապրեն, ադրբեջանցիներն՝ իրենց հողի վրա, նրանք էլ մարդիկ են՝ ասում է։

«Բայց եթե ասեն՝ ադրբեջանցին գա ինձ հետ ապրի այստեղ, ես ադրբեջանցուն չեմ վստահում, ես թուրքին չեմ վստահում, կյանքում էլ չեմ վստահի»,-ասել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։