կարևոր
1775 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-12 15:59

Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով

Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն  այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում: