կարևոր
896 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-12 14:02

Քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է․ Լիլիթ Գալստյան

Քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է․ Լիլիթ Գալստյան

Քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով այսօրվա ձերբակալությունների մասին, որոնք համալրեցին երեկ հանրահավաքի ընթացքում բերման ենթարկված 79 անձանց և այս պահին ՀՔԾ-ում գտնվող 10 ձերբակալվածների թիվը։

Այսօր հենց ասուլիսից առաջ ԱԱԾ-ն գրասենյակից տարել է բանախոսներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին և «Ազգային օրակարգ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արա Հակոբյանին։

Ասուլիսն, այնուամենայնիվ, կայացավ այլ բանախոսների մասնակցությամբ։

«Քաղաքական բանտարկյալներ մենք Հայաստանում ունենք հենց երեկվանից, որովհետև, մեր հանրահավաքը դեռ չսկսված, արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը։ Գնահատականը մեկն է՝ Արցախում սև գործը կատարած քաղաքական իշխանությունը որոշել է նաև Հայաստանում որդեգրել ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով բռնության գործիքներով լռեցնել հայ ժողովրդի ցասումը, ընդվզումը, վիրավորանքը, արժանապատվությունը»,- ասել է Լիլիթ Գալստյանը։

Նա վստահեցրել է, որ լռեցնել չի հաջողվի, որովհետև 17 կուսակցությունների ներկայացուցիչները, որ ղեկավարում են բողոքի ալիքը, որովհետև հայ ժողովուրդը իրենց հետ է, չեն պատրաստվում ընդունել հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրված այս սև էջը։

«Որովհետև մեզ համար թանկ են մեր երազանքները, մեզ համար թանկ է մեր որդիների թափած արյունը, մեզ համար թանկ է մեր երկրի ճակատագիրն ու արժանապատվությունը։ Մենք վստահ ենք, որ մեր այս տեսակետները կիսում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում»,- ասել է Լիլիթ Գալստյանը։

Նա ընդգծել է, որ այսօր գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած մի քաղաքական իշխանության հետ։ Հենց այսօր նա նայել է կադրերը, թե ինչպես է Շուշիում հնչում նամազը և զգացել, որ ավելի մեծ ապտակ, ավելի ցավալի պատկեր Ցեղասպանությունից հետո դժվար է հիշել։ Սա հայրենազրկում է։

«Այն քաղաքական իշխանությունը, որը հայտարարում էր, որ ժողովրդի ընտրյալն է, լեգիտիմ է, բարոյական է․․․ ո՞ւր էր ձեր բարոյականությունը, երբ պատասխանատվություն ունեիք, կարող էիք գալ ԱԺ՝ լսելու ձեր ժողովրդի ձայնը, այնինչ կապիտուլյացիայի գիշերը վարչապետը հետևի դռնից փախել է։ Այնինչ 3 ու կես տարի առաջ մենք բոլորս ՀՀ վարչապետներ էինք։ Ես ուզում եմ ասել՝ սիրելի՛ 3 միլիոն վարչապետներ, ձեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն ստորացուցիչ, անարժանապատիվ, մեր հեռանկարը մթագնող մի հայտարարություն»,- ասել է Լիլիթ Գալստյանը։

Այս երևույթին նա «ազգային դավաճանություն» գնահատականը է տվել։

«Եթե դուք վստահ եք ձեր գործունեության մեջ, հիմա բունկերներում դուք չէիք թաքնվի, որովհետև դուք համարձակություն չունեք դուրս գալու և ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր քաղաքական երազանքները, մեր երկրի հեռանկարը և ապագան»,- ասել է նա։

Լիլիթ Գալստյանը վստահեցրել է, որ այս շարժման մասնակիցներին քաղաքական ճնշումներով հնարավոր չէ վախեցնել․ «Մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք և վստահ ենք, որ բոլորս պետք է պայքարենք մի մարդու պես»։

17 կուսակցությունների օրակարգը չի փոխվել, այսօր՝ ժամը 17-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկեն հանրահավաքն ու երթը։