կարևոր
1398 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 22:55

Արցախի ԱԻ պետական ծառայության մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգևատրման

Արցախի ԱԻ պետական ծառայության մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգևատրման

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ծառայության ղեկավարն իմի է բերել պատերազմական օրերին կատարած աշխատանքն ու հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների մասին:

Կարեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ծառայության ամբողջ անձնակազմին պատերազմի ամբողջ ընթացքում թիկունքում կատարած ահռելի ու չափազանց կարևոր աշխատանքի համար, ընդգծել, որ դժվար ժամանակներում այս ամենը հաջողել են միասին՝ համընդհանուր համերաշխության շնորհիվ:

«Պատերազմի ընթացքում ծառայությունը մարդկային 4 կորուստ է ունեցել, նրանց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում: Մեր ծառայության անմահացած հերոսները ցուցաբերած բացառիկ արիության, կյանքի գնով կյանք փրկելու պատրաստակամության և դրսևորած սխրագործություններով՝ ցույց տվեցին իսկական փրկարարի լավագույն օրինակը»-նշել է Սարգսյանը, միաժամանակ առողջություն մաղթել վիրավորում ստացած փրկարար ծառայողներին:

Նա հավելել է, որ ամբողջ անձնակազմը մեկ մարդու պես կանգնել է իր դիրքում և իր աշխատանքով ևս մեկ անգամ շահել ժողովրդի վստահությունը: Ծառայության ղեկավարն ընդգծել է հատկապես կանանց ներկայությունը, ովքեր ճգնաժամային կառավարման կենտրոնում 24-ժամյա ռեժիմով պատասխանում և օգնություն էին ցուցաբերում մարդկանց, ի դեպ, նաև շրջանային բաժիններում:

Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց պատասխանատվությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգևատրման:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ծառայողների հետագա անելիքները: Կարեն Սարգսյանը նշել է, որ ոչ ոք առանց աշխատանք չի մնալու:

Հանդիպման ավարտին գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել անձնակազմին, նշել, որ կշարունակեն իրենց առաքելությունը՝ ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրում դժվար ժամանակներ են: