կարևոր
2424 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-11 21:57

Եթե չեկաք, նիստը չկայացավ, նշանակում է՝ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ. Ես կասկած չունեմ, որ կլինեն. Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար ստորագրություններ ունենք, բայց նիստը կարող ենք հրավիրել, եթե ԱԺ խորհրդի նիստը կայանա: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Տիկին Լենա Նազարյանը ժամանեց խորհրդարան, խոսեցինք: Ես ասացի, որ պետք է պրոցեսները բերել քաղաքական ուղիներով, դրա համար խնդրեցի, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք խորհրդի նիստը գումարել: 20.15-ին խորհրդի նիստը գումարվեց, եւ 7 մարդ էինք, քվորում չկար: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն քվորումը բաց է դեռ երկու ժամ: Այսինքն ԱԺ խորհրդի նիստ հնարավոր է գումարել եւ մեզ պետք է եւս 3 խորհրդի անդամ, որ ներկայանան եւ մենք կարողանանք նիստն իրականացնենք եւ նշանակենք ԱԺ արտահերթ նիստ»,-ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, սակայն իշխող մեծամասնության 88 պատգամավորից միայն մի մարդ է եկել, չեն գալիս, որ նիստ գումարվի:

«Եթե իշխանությունն ստանձնել ենք պատասխանատվությամբ ու ռիսկերով, եկեք մի բան ասեք, եկեք խոսենք: Եկեք ասեք՝ ալ ենք արել այդ պայմանագիրը ստորագրել ենք: Էս ճգնաժամի պահին, որ գնացել թաքնվել եք, իմաստ ո՞րն է: Ինչի՞ն եք սպասում, մտածում եք՝ մի 5 օր անցնի, ժողովուրդը կարող է ասել՝ լավ եք արել, հա՞:

Եթե դուք պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք, որ ճիշտ է արել, որ ստորագրել է:

Ուրեմն ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում: Կա երկու ժամ, պետք է երկու ժամվա մեջ այդ քվորումն ապահովեք: Սպասում ենք ձեզ խորհրդարանում: Եթե չեկաք, նիստը չկայացավ, դա նշանակում է, որ դուք չեք ուզում, որ պրոցեսները մղվեն քաղաքական խողովակներ: Դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ: Իսկ որ կլինեն բախումներ, ես կասկած չունեմ: Բազմաթիվ զինված մարդիկ այս պահին երկրում շրջում են: Էն օրը, որ ես եկել եմ խորհրդարան, այստեղ գտնվող մարդիկ զինված էին: Փառք Աստծո այդ օրը զոհեր չունեցանք: Զինված մարդիկ կան նաեւ ձեր կողմնակիցներ:

Մենք ի՞նչ է, Արցախի մի հատվածը կորցնելուց հետ մի հատ էլ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ենք հրահրո՞ւմ: Էս ի՞նչ եք անում»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա նաեւ ընդգծեց. «Եթե այսօր նիստ չկայացավ, ես կհայտարարեմ, որ Հայաստան ներխուժում է խորհրդարանական ճգնաժամ, որից հետո քայլեր կիրականացվեն նաեւ դրա հետ կապված»: