«Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացումների հետ»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դա չի համապատասխանում մեր ըմբռնմանը»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների մոնիթորինգի կենտրոնը ծրագրվում է տեղակայել Ադրբեջանի զբաղեցրած տարածքում: Պեսկովն ընդգծել է, որ կենտրոնը պետք է տեղակայվի Ադրբեջանի տարածքում:
Վլադիմիր Պուտինի խոսնակը եւս մեկ անգամ շեշտել է, որ Ղարաբաղում ռուս-թուրքական խաղաղապահ համատեղ զորակազմ տեղակայելու հարց չի քննարկվում: Չնայած սրան՝ Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե Մոսկվան եւ Անկարան խաղաղապահ համատեղ կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր են ստորագրել: Էրդողանի խոսքով՝ Անկարան Ռուսաստանի հետ միասին տեղ է զբաղեցնելու Ղարաբաղում գործող խաղաղապահների շարքում:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահի խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղում մշակութային եւ կրոնական օբյեկտների պահպանության հարց չի քննարկվել: