կարևոր
1073 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-11 14:23

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին:

«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց տեսակետներն ու մոտեցումները:

Հանդիպմանը ընդգծվել է երկրի ներքաղաքական կայունության պահպանման, հասարակական համերաշխության և միասնականության կարևորությունը: