կարևոր
2758 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 01:22

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ hեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրադրության կայունացման շուրջ»,- ասել են ռուսական ռազմական գերատեսչությունում:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ինչպես մասնավորապես հայտնել Է Ռուսաստանի նախագահը, ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ:

Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման համար կպահանջվի 1 960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ Հատուկ տեխնիկա:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորակազմի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: Ինչպես ճշտել են գերատեսչությունում, ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետեր կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտի շրջանում։