կարևոր
2313 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-10 19:06

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն 7 օր հետո հանդես կգան ռազմական դրության ռեժիմը վերացնելու նախաձեռնությամբ

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համաձայնություն ունեն՝ սպասել ևս 7 օր և դրանից հետո հանդես գալ ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու հարցով Խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:

Մարուքյանը նշեց, որ հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: «Եվ ես ասել եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք: ԳՇ պետը ինձ հորդորել և խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ: Պատերազմի հետ կապված վտանգը չի անցել, և դեռ ամեն ինչ չի ավարտվել»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ: Մարուքյանի խոսքով՝ ԳՇ պետի խնդրանքն այն է եղել, որ առնվազն 7 օր դա չանեն: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ընդունել է ԳՇ պետի առաջարկ-հորդորը: «Եվ մենք քննարկել ու որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո»,-ասաց նա ու հավելեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը նաև նրան է տեղեկացրել այդ պահանջի մասին:

Այսպիսով, ընդդիմադիր երկու խմբակցություններն ունեն համաձայնություն՝ սպասել 7 օր և դրանից հետո նախաձեռնել ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ: Նա շեշտեց, որ այս օրերին պետք է առաջնորդվել միայն ու միայն պետական շահով: Մարուքյանը հորդորեց քաղաքացիներին սթափ լինել, որևէ կերպ որևէ քայլ չանել պետական գույքի նկատմամբ, որևէ պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն չկիրառել: Մարուքյանը խստորեն դատապարտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությունը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: