Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է, որ իր զինված ուժերն են խոցել ռուսական Մի-24-ը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը, տարածած հայտարարությամբ, փորձել է արդարանալ՝ նշելով, որ ուղղաթիռը շատ մոտ է եղել հայ-ադրբեջանական սահմանին, թռիչքի ժամանակ մութն արդեն ընկած է եղել, ուղղաթիռը ցածր բարձրության վրա էր ու հակաօդային պաշտպանության ռադարներից դուրս:
Ադրբեջանական գերատեսչությունից նշում են նաեւ, որ ռուսական օդուժի ուղղաթիռներ նախկինում չեն նկատվել նշված շրջանում ու այս գործոնների համատեքստում, նաեւ տարածաշրջանում լարված իրավիճակը հաշվի առնելով՝ հերթապահ մարտական անձնակազմը կրակ բացելու որոշում է ընդունել:
Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Ռուսաստանից՝ ողբերգական պատահարի կապակցությամբ, պնդել, թե սա պատահականություն էր ու ուղղված չէր ռուսական կողմի դեմ: Բաքուն նաեւ փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: