29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել է: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել է տեսախորհրդաժողովի ռեժիմով:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»:
«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ: Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է»,-նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել է բռնության մակարդակը, կարգավորվում է խաղաղ կյանքը, իրականացվում է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո»: