կարևոր
1115 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-09 14:54

Պետությունը մարզահամերգային համալիրի տարածքում բուժառուների հոսպիտալացումը նպատակահարմար չի համարում

Պետությունը մարզահամերգային համալիրի տարածքում բուժառուների հոսպիտալացումը նպատակահարմար չի համարում

Կ. Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի տարածքում  կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումը կազմակերպելը նպատակահարմար չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ համալիրի տարածքն օտագործվելո՞ւ է, թե՞ նպատակահարմար չէ:

«Նպատակահարմար չէ: Անձնակազմի, թթվածնի և ինֆրաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ, ապա համալիրի տարածքում քաղաքացուն հոսպիտալացնելը համարժեք է տանը թողնելուն»,- ասել է Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում սկզբում ինչո՞ւ հարյուրավոր մահճակալներ դրվեցին համալիրում՝ նախարարը պատասխանել է՝ որովհետև, երբ հիվանդությունը նոր էր, և ամեն իչ հայտնի չէր դրա մասին, պետությունը հնարավոր բոլոր սցենարները հաշվի էր առել: «Բայց հետո մեր անձնական, համաշխարհային փորձը ցույց տվեցին, որ դրանք գործունակ չեն: Նման ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդներն արդյունավետ չեն»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն սարքեր, որ կարելի է ձեռք բերել, և բուժառուն տանը թթվածին ստանան՝ Թորոսյանը նշել է, որ ձեռք են բերում թթվածնային կոնցենտրատորներ: Դա տարբերակ է տանը ինչ-որ չափով ավելի մեղմ հիվանդության ընթացք ապահովելու համար: «Մենք ինչքան ունենք՝ մոտ 1 500 թթվածնային կոնցենտրատոր օգտագործում ենք հիվանդանոցներում, ևս 500 հատ գնել ենք, էլի կգնենք»,- ասել է նախարարն ու հավելել՝ սակայն չի կարող ասել, թե մարդիկ տներում ինչքան ունեն: Տեղական շուկայում այդ կոնցենտրատորներից չկան:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբում, դիտարկելով զարգացման տարբեր սցենարներ, ՄՀՀ տարածքում տեղադրվել էին մահճակալներ՝ համալիրը դիտարկելով որպես վարակված անձանց համար հնարավոր մեկուսացման վայր: