Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի և մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից տուժած բոլոր քաղաքացիներն ու զինծառայողները ստացել են պատշաճ բուժօգնություն: Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների, զինծառայողների, քաղաքացիական անձանց մասով որևէ թերացում չկա՝ չնայած նրան, որ առողջապահական համակարգն աշխատում է գերլարված ու գերմոբիլիզացված: Չկա գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որն ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք ռազմական գործողությունների արդյունքում և չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այդ մասով մենք 100%-ով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ այլ զարգացումների համար»,- ասաց Թորոսյանը:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։