Ճակատագիրն ահա՝ իր մատներով հողե
հեքիաթներից ծանոթ դեւի նման,
մեր կոկորդը սեղմած՝ պահանջում է զոհեր
մի կում ջրի, մի կում հողի համար,
եւ, ըստ հրահանգի - ինքնազոհաբերում -
ընտրվում են զոհերն՝ անուն-անուն
ու՝ արալեզների կարոտն ուղեղներում,
ջոկատներ են կազմում ու հեռանում,
եւ ըստ հրահանգի վանկարկում են - ի զեն,
երակներում՝ ցավի աճող ծարավ,
…եւ արդյոք ո՞վ եմ ես, որ պիտի երազեմ,
թե՝ իմ աշխարհում կա բնական մահ.
Կշեքի նժարին երբ երազ է դրվում,
Մատաղացու գառն էլ անասուն է,
Միայն՝ ստեպ-ստեպ տարածվում է հեռվում
Առյուծ ծնվածների վայնասունը…
Նրանց համար հիմա նշխար է ամեն հաց,
Եվ ամոքող սուտը հավք է փյունիկ…
եւ արդյոք ո՞վ եմ ես, որ որոնեմ Աստվածք.
Ես հրաժարվո՛ւմ եմ ընտրությունից։
Միայն՝ այսքան վերջին կոչերի տակ - ի զեն,
Արալեզնե՛ր, մի՛ խմբվեք իմ առջեւ,
Եվ ինձ դեռ մի՛ լիզեք, դուք ինձ դեռ մի՜ լիզեք,
Իբրեւ դիակ ես դեռ կատարյալ չեմ։
1990 թվական
Լիբանանում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյան