կարևոր
4840 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-07 22:11

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում. թշնամուն հաջողվել է մոտենալ Շուշիին. Արծրուն Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում. թշնամուն հաջողվել է մոտենալ Շուշիին. Արծրուն Հովհաննիսյան

 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում: Խոսելով Շուշիում ծավալված ռազմական գործողություններից  նա մանրամասնեց, որ բերդաքաղաքի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։

«Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։ Արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որեւէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել։ 
Անտեղի են խուճապային տրամադրությունները, տարհանման մասին տեղեկությունները: Եթե անգամ նահանջում ենք, պետք է պահել մարտունակությունը, զորքը պետք է պահի մարտունակությունը»,- փաստեց ՊՆ ներկայացուցիչը: 

Ըստ Հովհաննիսյանի՝ Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայով հարձակման փորձեր իրականացնել: Կորցնելով 1-2 զրահատեխնիկա՝ ետ են շպրտվել՝ թողնելով մի քանի դիակներ:  Բերձորից հարավ մարտերի ընթացքում փորձել են առաջ շարժվել, նույնպես չի ստացվել:

«Մեր ստորաբաժանումներին նույնիսկ հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը,- հավելելով, որ սա մեր գոյության պայքարն է:

«Մեր նահանջները, կորուստները, մեր անհաջողությունները մեզ չպիտի կոտրեն: Մենք մինչև վերջ պիտի դիմադրենք, որովհետև հաղթանակը մերն է լինելու, որովհետև մենք մեր տունն ենք պահում»: