կարևոր
1006 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-07 15:28

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը մոտենում է 50 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը մոտենում է 50 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 49 մլն 708 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 249 հազարից: Ապաքինվել է ավելի քան 35 միլիոն 286 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 10 մլն 060 հազար 464 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 242 հազար 256 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 8 մլն 462 հազար 080-ի, մահերինը՝ 125 հազար 605-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 632 հազար 505 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 162 հազար 035: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 753 հազար 836 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 30 հազար 251 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ կա կորոնավիրուսի 1 մլն 661 հազար 853 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 39 հազար 865 մարդ: Իսպանիան  առանձնանում է 1 մլն 388 հազար 411 ընդհանուր, 38 հազար 833 մահվան դեպքով: Վարակվածների թվով տասնյակում են Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Կոլումբիան, Մեքսիկան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 663 հազար 800 վարակվածության ընդհանուր, 37 հազար 409 մահվան դեպքով: Թուրքիան 26-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 389 հազար 256 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 722 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 54 հազար 852-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 441 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 59-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 184 է, որից ապաքինվել է 81 հազար 131-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 215-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։