կարևոր
1797 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-07 15:06

Շնորհակալություն եմ հայտնում այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք Արցախին սատարող բանաձև են ընդունել. Արթուր Թովմասյան

Շնորհակալություն եմ հայտնում այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք Արցախին սատարող բանաձև են ընդունել. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել:

Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունները տեղային հակամարտության հերթական էսկալացիա չէ, այլ, առանց չափազանցության, միջազգային ահաբեկչությանը մարդկության համաշխարհային դիմակայության մի դրվագ: Արցախի Հանրապետության ժողովուրդը, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:

Հավաստիացնում եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, քանի որ վկայում է, որ ազատ և անկախ ապրելու համար մղվող պայքարում Արցախը միայնակ չէ:

Համոզված եմ, որ ազատ ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված մեր ջանքերը կարժանանան համապատասխան գնահատականի, և Արցախի Հանրապետությունը, որն անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը որպես ինքնիշխան պետություն, վերջապես միջազգայնորեն կճանաչվի:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս օրհասական պահին արցախահայությանը ձեր համերաշխությունը հայտնելու համար:

Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան»,- գրել է նա: