27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ փորձագետ Դենիս Դվորնիկովը վստահ է, որ Արցախի անկումը հայ ժողովրդին պատուհասած աղետը կտանի Ռուսաստան և ոչ միայն: Այս մասին Դվորնիկովը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Արցախի (հայկական Լեռնային Ղարաբաղի) անկումը աղետ կբերի Ռուսաստան և ոչ միայն: Չափազանց տխուր է հետևել, թե ինչպես են, կարծես թե, խելացի, վերլուծությունների ու կանխատեսումների ունակ մարդիկ անտարբեր հետևում, թե ինչպես է 150-հազարանոց քրիստոնեական Արցախը վերջին ուժերով պայքարում բազմամիլիոնանոց նեոօսմանական զորքի դեմ, որն ուժեղացված է ահաբեկիչներով: Առավել ևս, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանը մտել է Սիրիա հենց այն պատճառով, որ թույլ չտա հենց այդ գլխակերների բազմացումը: Բնակչին համառորեն ներշնչում են, որ Արցախում պատերազմը մեր հակամարտությունը չէ: Տարբեր տեղեկատվական խողովակների միջոցով ուղեղում դաջվում է այն մասին, որ մենք չափազանց մեծ ենք, որպեսզի ընտրություն կատարենք ինչ-որ տեղ, Կովկասյան լեռնաշղթայի այն կողմում: Մենք այսօր նույնիսկ չենք կարող պատկերացնել հնարավոր հետևանքները»,- գրել է Դվորնիկովը:
Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։