կարևոր
883 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-06 12:50

Գյուղոլորտի ցուցանիշները մինչև տարեվերջ կբարելավվեն. խաղողի բերքատվությունն աճել է առնվազն 30 տոկոսով

Գյուղոլորտի ցուցանիշները մինչև տարեվերջ կբարելավվեն. խաղողի բերքատվությունն աճել է առնվազն 30 տոկոսով

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը մինչ տարեվերջ ավելի կբարելավվի, խաղողի բերքատվությունը նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով բարձր է եղել: 

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ Վիճակագրության կոմիտեն արդեն հրապարակել է 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը: «Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք ունենք դրական միջակայքում գտնվող տնտեսական ակտիվություն՝ գյուղատնտեսության բանագավառում՝ 0.5 տոկոսով բարձր, քանի նախորդ տարվա նույն ժամանակում: Մինչև տարեվերջ այս ցուցանիշը կբարելավվի»,- ասաց Խաչատրյանն ու ներկայացրեց սպասվող բարելավման պատճառը:

Խաղողի հետ կապված վիճակագրությունը հիմնականում ամփոփվում է չորրորդ եռամսյակում: Նախարարը նշեց, որ խաղողի հետ կապված՝ այս տարի առանձնահատուկ իրավիճակ էր: Տարբեր գնահատականներով՝ առնվազն 25-30 տոկոսով ավելի բարձր բերքատվություն է եղել, քան նախորդ տարվա ընթացքում: «Գրեթե ամփոփեցինք խաղողի մթերման ամբոջ ընթացքը: Մթերված խաղողի քանակը նույնպես վկայում է, որ դա նախորդ տարվա նկատմամբ առնվազն 30 տոկոսով ավելի մեծ քանակություն էր կազմում»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ դժվար էր համավարակի պայմաններում, երբ վերամշակող ձեռնարկությունների իրացման ծավալներն էապես նվազել են: «Կառավարության կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ առանձին տեղերով առանձին դժվարություններով, բայց հնարավոր եղավ ամբողջ գործընթացը կազմակերպել և հասցնել ավարտին»,- ասաց նախարարը:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին 6.6 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5 տոկոսով: