30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Հայաստանի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների վերանայման շրջանակում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգը: Ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Մինչև ռազմական դրությունը մենք արդեն նախատեսել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց, դրանցից մեկը նախնական զինվորական պատրաստության չափորոշիչներն են: Ինտենսիվ քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական բուհերի, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Դրա հիման վրա զգալի վերանայել ենք չափորոշիչները: Ամբողջությամբ հաշվի ենք առնում եղած բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ունենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այստեղ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության հարցն է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների, որոնց ուսուցանումը դպրոցներում պետք էապես բարձրացվի:
«Չափորոշիչների վերանայման հետ միաժամանակ նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը, այսինքն՝ գործնական բաղադրիչը: Դա թույլ կտա, որ ոչ միայն տեսական գիտելիք փոխանցենք, այլև էապես բարելավենք պրակտիկ հմտությունները: Ուզում եմ շեշտել, որ խոսքը միայն ռազմագիտության մասին չէ, այլ քաղաքացիական պաշտպանության կարևոր գիտելիքների հմտությունների մասին է: Մեծ անելիք կա այդ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա: