կարևոր
962 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-05 17:30

Վիեննայի ոստիկանությունը հրաժարվել է տվյալներ հայտնել ահաբեկչությունից հետո ձերբակալվածների մասին

Վիեննայի ոստիկանությունը հրաժարվել է տվյալներ հայտնել ահաբեկչությունից հետո ձերբակալվածների մասին

Ավստրիայի ոստիկանության մամուլի քարտուղար Բարբարա Գասսը հրաժարվել է տվյալներ տրամադրել Վիեննայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվածների մասին: «Նկատի առնելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ ես չեմ կարող ձեզ ավելի կոնկրետ տեղեկություններ հաղորդել ձերբակալված անձանց մասին»,-ասել է Գասսը՝ պատասխանելով գործակալության հարցին:

Ավելի վաղ Վիեննայի ոստիկանության ղեկավար Գերհարդ Պյուրստլը հայտարարել է, որ Վիեննայում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալված 14 անձանց թվում կա նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտնել է, որ դեսպանությունն ստուգում է այդ տեղեկատվությունը, բայց տեղեկատվության հաստատում դեռ չկա: Նոյեմբերի 2-ի երեկոյան անհայտ անձինք մի շարք հարձակումներ են կազմակերպել Ավստրիայի մայրաքաղաքում, որն ավելի վաղ փորձագետները դիտարկել են որպես Եվրոպայի առավել անվտանգ վայր: Գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է: Զոհվել է չորս մարդ:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ուժայինները ոչնչացրել են հարձակողներից մեկին, որը զինված էր հրացանով: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից էր: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Ավստրիայի կանցլերը աշխարհին կոչ է արել՝ համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում: