Նախագահական ընտրություններից հետո, Միացյալ Նահանգներում բողոքի ալիք է սկսվել՝ Կալիֆորնիայից մինչեւ Նյու Յորք, Օրեգոն ու Արիզոնա: Փողոց են դուրս գալիս թե՛ գործող նախագահ Թրամփի աջակիցները, թե՛ նրան դեմ հանդես եկողները:
Արիզոնայում Թրամփի մոտ 200 աջակից հավաքվել է տեղական ընտրական կենտրոնի առջեւ՝ պահանջելով դադարեցնել քվեների հաշվարկը:
Մինչ այս, սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Թրամփի օգտին ձայներն այստեղ չեն հաշվելու: Տեղի իշխանությունները հերքում են սա:
Ի դեպ, Արիզոնայում քվեների աննշան տարբերությամբ առջեւում է Բայդենը: Օրեգոնի Պորտլենդ քաղաքում էլ հակա-թրամփական ցույցի մասնակիցները պահանջել են հաշվել ամեն մի ձայնը: Գրանցվել են բախումներ: Քաղաքում է տեղակայվել ազգային գվարդիան:
Իսկ Մինեապոլիսում ոստիկանները ձերբակալել են քաղաքի գլխավոր ճանապարհը փակած ցուցարարներին: Բողոքի ակցիներ են նաեւ Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում, Դետրոյթում: