կարևոր
865 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-05 16:30

Չեխիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ համերաշխություն ու աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

Չեխիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ համերաշխություն ու աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի մի խումբ պատգամավորներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը՝ ընդգծելով, որ պատգամավորները շեշտել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Գայանե Աբրահամյանը ներկայացրել է նաև հայտարարության տեքստը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017 թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:

Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից նախաձեռնած Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ.

- դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,

- զգում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է դառնալ վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկը,

-հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,

-համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,

-կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,

-խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,

լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,

-խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվոպական Միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով»:

Գայանե Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային և աջակցություն ու  համերաշխություն հայտնած մյուս բոլոր պատգամավորներին: