Հայաստանում գտնվող արցախցի երեխաներին ուսումնական պրոցեսում ընդգրկելու, կրթությունը շարունակելու հնարավորոթյուն ապահովելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ակտիվ քննարկումներ է անցկացնում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ամեն շաբաթվա կտրվածքով շարունակական մոնիթորինգ են իրականացնում երեխաներին դպրոցներում ընդգրկվելու վերաբերյալ: Առաջին իսկ օրերից տրվել է կարգավորում, որ երեխաներն ընդգրկվեն իրենց ամենամոտը գտնվող դպրոցում՝ անկախ փաստաթղթերի և դպրոցում լիցենզիոն տեղերի առկայությունից:
«Զգալի թվով երեխաներ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվել են: Վստահ եմ, որ մինչև աշնանային արձակուրդների ավարտը մյուս երեխաները նույնպես կընդգրկվեն դպրոցներում: Քայլեր են ձեռնարկվել հասկանալու, թե ինչ կարիքներ կան երեխաների հետ կապված, որպեսզի ապահովվեն: Խոսքը թե գրենական պիտույթների, թե դասագրքերի, ինչպես նաև հեռավար ուսուցման պարագայում տեխնիկական սարքավորումների մասին է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս առումով համագործակցում են Արցախի համապատասխան գերատեսչության հետ:
Երեխաների թվով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու նոր ուսուցիչների ընդգրկման: Այդ կապակցությամբ նախարարի տեղակալը նշեց, որ կա հստակ պայմանավորվածություն՝ առաջնահերթություն են տալու Արցախից ժամանած ուսուցիչներին:
Նույն հրահանգավորումը տրված է կրթության մյուս մակարդակներում: Արցախից ժամանածները կարող են իրենց կրթությունը շարունակել ուսումնարաններում, քոլեջներում, ինչպես նաև բուհերում:
«Դրա համար անհրաժեշտ է դիմել պետական որևէ օղակի: Դպրոցի պարագայում, եթե հարմար է, դիմել համայնքապետարան, ապա կարող են այդպես անել կամ դիմել մոտակա դպրոց: Քոլեջների, ուսումնարանների, բուհերի դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել նախարարությանը: Կփորձենք կարգավորել ուսումնական պրոցեսին մասնակցությունը: Այստեղ կարևոր է այն, որ մենք տեղյակ լինենք, մեզ դիմեն»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: