կարևոր
1792 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-05 15:32

Ադրբեջանն անկարող է լինել հանձնառու իր համաձայնության իրականացմանը. Մնացականյան

Ադրբեջանն անկարող է լինել հանձնառու իր համաձայնության իրականացմանը. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կարծիքով` Ադրբեջանն անկարող է պատասխանատու և հետևողական լինել հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ իր համաձայնության իրականացմանը: Այս մասին Մնացականյանն ասել է նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու մեջ, երեք անգամ Հայաստանը լրջագույնս ապահովել է դրա համաձայնությունը, և երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը: Հավանաբար, Ադրբեջանը նաև ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից: Մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնության իրականացման գործում»,- ասել է Մնացականյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել զինադադարի հասնելու ուղղությամբ:

«Կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը: Այդ առումով նույնպես այսօր աշխատանքներ տարվում են, մեզ անհրաժեշտ է դրան հասնել»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։