կարևոր
738 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-05 14:32

Արցախցի կանայք բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Արցախցի կանայք բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք խաղաղ ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային:

Նրանք ասֆալտին դրեցին տարբեր պաստառներ, որոնց վրա պատկերված էին Էրդողանն ու Մերկելը, Էրդողանը, Ալիևն ու Հիտլերը, ինչպես նաև «Գերմանիա, կանգնեցրո՛ւ Թուրքիային» և այլ գրություններով: Նմանատիպ պաստառներ ակցիայի մասնակիցները պահում էին նաև իրենց ձեռքերում:

Մասնակիցներից Լիանա Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պահանջում են ճանաչել Արցախը, դադարեցնել միջազգային ահաբեկությունը, կանգնեցնել Էրդողանին, սանձել Ալիևին: Նա նշել է, որ միջազգային կառույցներն արդեն հեղինակազրկում են իրենց:

«Դուք, քաղաքական գնահատական տալուց բացի, մասնակիցն եք այս ամենին ձեր լռությամբ, ուշքի եկեք, մենք այլևս չենք ուզում լռել: Աշխարհը պետք է արթնանա, և չպետք է նոր ցեղասպանություն կրկնվի։ Միջազգայնորեն արգելված զենքերը Գերմանիայն վաճառում է Թուրքիային, դրանցով իսկ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Մոտեցեք և յուրաքանչյուր երեխայի հարցրեք, թե քանի՞ օր է ապրել նկուղում և ի՞նչ պայմաններում: Եկեք և երաշխիք ստեղծեք, որ լկտի Ադրբեջանը և Թուրքիան չեն խախտելու հրադադարը, մենք կեղծ հրադադար չենք ուզում»,- ասել է Ադամյանը և հավելել, որ արցախցիները դարեր շարունակ ապրել են Արցախում, իրենց հայրենիքում, և այդպես էլ պետք է շարունակվի:

Մեկ այլ մասնակից՝ Իրինա Սաֆարյանը շեշտել է, որ ցանկանում են, որպեսզի Գերմանիայի դեսպանը դուրս գա շենքից, անձամբ ստանա նամակն ու լսի իրենց պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր:

«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու որպես ԵՄ անդամ, ինչպես նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ, ոչ մի քայլ չեն ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար: Եթե դուք այսօր ոչ մի քայլ չձեռնարկեք, չկանխեք այն ցեղասպանությունը, որը սկսվել է Արցախի սահմաններից և կատարվում է հայերի դեմ, հաջորդը լինելու եք դուք, մի կասկածեք: Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որ գտնվում է Գերմանիայում, ձեզ հանգիստ չի թողնելու: Մի կասկածեք, որ այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում և Ավստրիայում, կկատարվի նաև ձեր հայրենիքում: Սթափվեք, արթնացեք»,- նշել է Սաֆարյանը:

 Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Ո՛չ ֆաշիզմին», «Վե՛րջ տվեք», «Արթնացե՛ք», «Ամոթ», «Ո՛չ ահաբեկչությանը», «Ճանաչե՛ք Արցախը», «Ո՛չ նոր Հիտլերին» և այլն:

Դեսպանատնից մասնակիցներին հայտնեցին, որ կընդունեն նրանցից մեկին՝ պայմանավորված համավարակով, սակայն արցախցի կանայք չհամաձայնեցին ու պատռեցին նամակը, որը պետք է հանձնեին Գերմանիայի դեսպանին:

Արցախցի կանայք արդեն մեկ ամսից ավելի բողոքի ակցիաներ են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ-ում մի շարք դեսպանատների մոտ: