ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
«Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին և հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական և վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- ասել է Ադոնցը:
Փոխնախարարը նշել է որ այս օրերին կան բազմաթիվ եվրոպական քաղաքներ, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, ինչը շատ կարևոր քայլ է այս համատեքստում հետագա զարգացումներն ապահովելու համար:
«Պետություններում տեղական ինքնակառավարման մակարդակով են ճանաչում Արցախի անկախությունը: Մենք համարում ենք սա շատ կարևոր քայլ` ապահովելու հետագա զարգացումները: Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար»,- նշել է փոխնախարարը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: