կարևոր
1154 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-05 12:26

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականութան մարտահրավերը է ոչ միայն Արցախի, Հայաստանի համար. ԱԳ նախարար

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականութան մարտահրավերը է ոչ միայն Արցախի, Հայաստանի համար. ԱԳ նախարար

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն այսօր առաջն հերթին մարտահրավեր է Արցախի, Հայաստանի համար, սակայն այն միայն հայերին չի վերաբերում, Արցախում մարտի դաշտում տեղի ունեցողը նաև մարտահրավեր է այլ պետությունների համար:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև: Այդ լրջագույն մարտահրավերն արտահայտում են նաև աշխարհաքաղաքական որոշ իրողություններ՝ տարածաշրջանային առումով, և իրողություններ, որոնք մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի համար: Դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությանը, որը վարվում է Թուրքիայի կողմից»,- ասաց նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ սրա մասին հայկական կողմը խոսել էր դեռ ավելի վաղ: «Մենք բացարձակ տեսնում էինք այդ ագրեսիվ քաղաքականության սփռումն աբողջ հարևանությամբ, և վտանգը, որ դա տեղափոխվելու է նաև Հարավային Կովկաս: Այդ մարտահրավերը վերաբերում է մեզ անմիջապես այսօր և վերաբերում է ամենախիստ ձևով: Դա մեզ համար մարդկային կյանքեր է, լրջագույն անվտանգության մարտահավեր է: Բայց այս մարտահրավերը միայն մեզ չի վերաբերում: Եվ այդ առումով է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, նաև աշխարհագրական մարտահրավեր է»,- ասաց Մնացականյանը:

 Նա շեշտեց, որ Հայաստանն իր գործընկերների, առաջին հերթին՝ համանախագահության երկրների հետ, շարունակում է և շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա անհրաժեշտ արդյունքների հասնել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը վերականգնելու և ազգային այս լուրջ վտանգը նվազեցնելու և բացառելու առումով:

«Եվ Արցախի այսօրվա գոյութենական պայքարը այսօր ծայրահեղ ձևով արտահայտվում է  մարտի դաշտում, բայց այդ ամենը մենք անում ենք, այո, մեր ուժերով, բայց մենք նաև ունենք անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակներն ու հնարավորությունները, որոնք այսօրվա պայմաններում օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ: Ոչ ամենն է արտահայտվում անմիջապես, բայց մենք եղել և մնում ենք միջազգային հարաբերությունների սուվերեն անդամ, հետապնդում ենք մեր շահերը այս սուվերենության ամբողջ գործիքակազմն օգտագործելու միջոցով»,- ասաց Մնացականյանը: