կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-05 11:35

Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը

Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը

Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը եղել է հոկտեմբերի 28-ին հայ համայնքի անունից Եվրախորհրդարան ներկայացված մի շարք պահանջների քննարկումը: Դրանք վերաբերվում էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, շփման գծի երկու կողմերում մոնիտորինգ անցկացնելուն և Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելուն: Քննարկվել են Արցախի ճանաչման, ինչպես նաև կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր կիրառելու վերաբերյալ հարցեր:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվել են բազմաթիվ փաստեր Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիական բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են Արցախի առաջ:

Հանդիպման մասնակից իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանն ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցող վայրագությունները կանխելուն միտված քայլեր չձեռնարկելը ոչ միայն չի տեղավորվում ժողովրդավար Եվրոպայի սկզբունքների համատեքստում, այլև նպաստում է նոր հանցագործությունների կատարմանն ու տեռորիստական խմբավորումների ակտիվացմանը:

Ջիանմարկո Սկուպան լավ գաղափար է համարել հայկական կողմի այն առաջարկը, որ Եվրոպայից անկախ փորձագիտական խմբեր գործուղվեն Հայաստան և Ադրբեջան: Թե որքանով այն հնարավոր կլինի կյանքի կոչել, կփորձեն հասկանալ առաջիկա քննարկումների ժամանակ: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրենք հետևում են Մինսկի խմբի համանախագահող երկրների քայլերին ու կապի մեջ են նաև Բելգիայում ՀՀ դեսպանի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ հանձնաժողովում մանրամասն քննել առաջ քաշված բոլոր հարցերն ու երկշաբաթյա ժամկետում հանգամանորեն ներկայացնել իրենց կարծիքն ու գործողությունների ծրագիրը:

Բելգիայի հայ համայնքն առաջիկայում դարձյալ հանրահավաք է անցկացնելու Եվրախորհրդարանի դիմաց, որում փորձելու է Եվրոպային արագ ու վճռորոշ քայլերի գնալու պահանջներ ներկայացնել: