Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հետեւել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց հետ վարվելակերպի միջազգային նորմերին: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը ստացել է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը:
ՄԻԵԴ-ը նշել է, որ շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների նկատմամբ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից:
Եվրադատարանը երկու երկրների կառավարություններին խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք այդ անձինք գերի են վերցվել ։
«Եթե դա այդպես է, ապա դատարանը խնդրում է հայտնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում, անցնում են արդյոք բժշկական հետազոտություն կամ բուժում», - նշված է հայտարարության մեջ:
Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին եւ երկու կողմերին կոչ է անում մասնակցել համապատասխան ընթացակարգերին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը չի նախատեսում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նոր որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:
«Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները եւ նոր միջոցառումների պատճառ չի տեսնում», - նշվում է փաստաթղթում:
Ադրբեջանական մեդիայում ակտիվորեն տարածվում են տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ ներկայացվում են ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև գլխատման դեպքեր: ՀՀ ՄԻՊ-ը հայ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերը ուղարկել է միջազգային կառույցներին:
Մինչդեռ, հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիները պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան, ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային