կարևոր
933 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-04 16:36

ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է

ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը 2020-ին շեշտակի աճել է, ստացված բողոքների թիվը էականորեն ավելացել է: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«ՄԻՊ-ի աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի ավելացել և ավելանում է: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի էլ ավելի է ավելանալու՝ պայմանավորված թե  գործունեության ոլորտների ընդլայնմամբ և թե ստեղծված իրավիճակով»,-ասաց Թաթոյանն ու ներկայացրեց վիճակագրական տվյալներ:

Եթե 2015-ին ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 5200 բողոք, 2016-ին՝ 5013, 2017-ին՝ 6417, ապա 2020-ի միայն մինչև հոկտեմբերի 31-ը ստացվել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ: Այս տվյալների մեջ չեն մտնում ՄԻՊ-ի այցերը քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլ վայրեր: Այս տվյալների մեջ չեն մտնում նաև ՄԻՊ-ի փորձաքննություններն օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքները, ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային ուսումնասիրությունները՝ միջազգային կոնվենցիոն մարմինների հետ աշխատանքներում:

«Մենք ունենք դրական լուծված գործերի 3 անգամ աճ՝ համեմատած նախորդ մի քանի տարիների հետ»,-ասաց Թաթոյանը: