կարևոր
2016 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-04 13:44

Արցախի ՄԻՊ-ը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները

Արցախի ՄԻՊ-ը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները: Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ»,- ասել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ լուրջ կասկածներ ունեն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բոլոր այն բնակավայրերում, որ մուտք է գործել ու գտել է քաղաքացիական անձ, նրանց հանդեպ կատարել է բազմաթիվ հանցագործություններ:

«Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի ու ցանկացած ձևով սպանելը, դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի է համարվում լայն հասարակայնության կողմից: Սա միջազգային հանրության հատուկ ուշադրությանն է արժանի: Վտանգը շատ մեծ է ցեղասպանության, եթե այս կարգի ատելություն կա ադրբեջանցի զինծառայողների շրջանում»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը:

Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկզբից մինչ այս պահն Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, առնվազն 144-ը` վիրավորվել: