կարևոր
834 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-03 14:33

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի: Այս մասին խորհրդրանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Չեմ կարծում, որ գնաճ լինի: Մենք խոսում ենք մեր ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին: Գնաճի համար պետք է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի»,- ասել է նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից: Նախարարը վստահ է, որ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Նախարարի կարծիքով՝ կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: