կարևոր
1729 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-03 13:22

Արցախցի կանայք խաղաղ ակցիա իրականացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց և նամակ հանձնեցին

Արցախցի կանայք խաղաղ ակցիա իրականացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց և նամակ հանձնեցին

Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց:

Նրանք միջազգային հանրությունից պահանջում էին չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին Ադոլֆ Հիտլերի նկարները, ինչպես նաև պատրաստել էին պաստառներ, որտեղ պատկերված էին Ռեջեփ Էրդողանը, Իլհամ Ալիևը և Ադոլֆ Հիտլերը՝ կարծես նույնականացնելով նրանց:

Մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ հերոսների, ինչպես նաև իրենց նախնիների նկարները:

Մասնակիցներից մեկը՝ Իրինա Սաֆարյանը նշել է, որ իրենք եկել են ՌԴ դեսպանատան մոտ՝ պատմելու հայերի դարավոր պատմության մասին, որի ժամանակ հայերը և ռուսները միասին հաղթանակներ են կերտել:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայաստանից և Արցախից բազմաթիվ մարշալներ և գեներալներ են եղել:

«Մենք ավելի շատ հերոսներ ենք տվել, քան ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետություններից շատերը: Այսօր մենք եկել ենք այդ ամենը հիշեցնելու, ինչպես նաև, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել այն ահաբեկչությունը, որն այսօր կատարվում է Արցախում»,- ասել է Սաֆարյանը և հավելել, որ ամեն օր քայլ չանելու ու լռելու պատճառով զոհվում են հայ զինվորներ:

Ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը կոչ է արել ծափահարել սահմանին կանգնած զինվորներին, ովքեր ամեն րոպե պաշտպանում են իրենց հայրենիքը:

«Մենք այստեղ խաղաղ ցույց ենք անում, մեր ձեռքերում էլ պահում ենք Հայրենական մեծ պատերազմի մարշալների, գեներալների, պարզապես մասնակիցների նկարները: Արցախցիների մեծ մասը պայքարել են համաշխարհային ֆաշիզմի դեմ և հաղթանակ տարել: Եկել ենք ասելու, որ  մենք մեր հայրերի և պապերի շարունակողն ենք, և այսօր ցանկանում ենք, որ խաղաղության հասցեն լինի Արցախի սահմանը: Մենք միասին ենք պարտադրել այդ խաղաղությունը ֆաշիստ Հիտլերին, իսկ այսօրվա նոր ֆաշիստներն Էրդողանն ու Ալիևն են: Մենք պետք է պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ»,- ասել է Ադամյանը և ողջույնի խոսքեր հղել հայերի բարեկամ ազգությամբ ռուս մի խումբ անձանց:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Հաղթելու ենք», «Տղաներ, մենք ձեզ հետ ենք», «Փառք ու պատիվ մեր հերոսներին», «Վերջ Էրդողանին», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Հաղթանակ» և այլն:

Ակցիայի ընթացքում ելույթներ ունեցան նաև այն մասնակիցներ, ովքեր պահանջում և խնդրում էին Ռուսաստանից կանգնել արցախցիների, հայ ժողովրդի կողքին՝ նորօրյա Հիտլերին (Էրդողանին – խմբ.) հաղթելու համար:

Համավարակի պայմաններից ելնելով՝ արցախցի կանայք իրենց պահանջ-նամակը դրեցին փոստարկղի մեջ, ինչից հետո կսպասեն պատասխանի:

Արցախցի կանայք իրենց հետ ծաղկեփունջ էին տարել, որը խաղաղ ցույցից հետո դրեցին ՌԴ դեսպանատան մոտ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

Արցախցի կանայք նման ակցիաներ իրականացրել են ՄԱԿ-ի գրասենյակի, ինչպես նաև ՀՀ-ում տարբեր դեսպանատների առաջ: