կարևոր
1536 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-03 11:46

Իսրայելը թող հումանիտար օգնությունն ուղղի վարձկաններին ու ահաբեկիչներին, որոնց զինում է. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը թող հումանիտար օգնությունն ուղղի վարձկաններին ու ահաբեկիչներին, որոնց զինում է. Նիկոլ Փաշինյան

The Jerusalem Post-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետն աչքի է ընկել կոշտ հայտարարություններով:

Մեկնաբանելով Իսրայելի նախագահի՝ Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկը, Նիկոլ Փաշինյանը հորդորել է այդ օգնությունը փոխանցել ահաբեկիչներին ու վարձկաններին:

«Հումանիտար օգնություն մի երկրից, որն ահաբեկիչներին զե՞նք է վաճառում, եւ որն օգտագործվում է խաղաղ քաղաքացիական հասարակության դե՞մ: Առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղղել վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր ծավալած գործունեության տրամաբանական շարունակություն»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիան ու Իսրայելը փաստացի գտնվում են նույն կողմում, եւ հրեական պետությունն առաջիկայում կարող է իր վրա զգալ «Անկարայի կայսերական նկրտումները»:

Ըստ ՀՀ վարչապետի՝ Իսրայելը զինում է մի պետության, որը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել: Նա Իսրայելին ակտիվ հակամարտող կողմ է որակել, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կերպով կիրառվում են Ղարաբաղում:

«Իսրայելը պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյոք չի՞ պատերազմում նա դե-ֆակտո վարձկանների հետ Լեռնային Ղարաբաղում: Սա հարմա՞ր դիրքորոշում է նրա համար: Եթե այո, ապա Աստված իրենց հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն կոնկրետ հետեւանքներ, եւ ձեր պետությունը ստիպված կլինի բախվել այդ հետեւանքներին»,- եզրափակել է ՀՀ վարչապետը: