կարևոր
1600 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 23:31

Նիդերլանդների արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայմանը

Նիդերլանդների արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայմանը

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ իրենց հայտնի են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, սակայն դժվար է ասել, թե որքանով է Թուրքիան ուղիղ ներգրավված ռազմական գործողություններին: Այս մասին Բլոկը նշել է խորհրդարանի պատգամավորների հարցերի ի պատասխան:

«Նիդեռլանդները շատ հավանական է համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Դեռևս դժվար է որոշել այդ մասնակցության ճշգրիտ բնույթը: Բացի այդ, կառավարությանն այժմ հայտնի է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում սիրիացի ահաբեկիչների տեղակայմանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։ Այս համագործակցությունը ներառում է վերջին տարիներին համատեղ զորավարժությունները և ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է նա:

ԱԳ նախարարը նշել է, որ արտաքին միջամտությունը հանգեցնում է հակամարտության սրմանը։

«Հոկտեմբերի 1-ին Նիդերլանդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նիստը, որում ես դեմ եմ արտահայտվել արտաքին ցանկացած միջամտությանը և կոչ արել ապաէսկալացիայի, կրակի դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու»,- նշել է Բլոկը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը